ԱՆՉԵԼՈՏԻ.«ԱՏԼԵՏԻԿԻ» ԴԵՄ ԿԽԱՂԱ ԼՈՊԵՍԸ, ԲԱՅՑ ԻԿԵՐԸ ԴԵՌ ԿՍՏԱՆԱ ԻՐ ՇԱՆՍԸ»

Добавлено: 01.09.2013 в 13:50 Просмотров: 381 Автор: Ադմին(Zaven)
ԱՆՉԵԼՈՏԻ.«ԱՏԼԵՏԻԿԻ» ԴԵՄ ԿԽԱՂԱ ԼՈՊԵՍԸ, ԲԱՅՑ ԻԿԵՐԸ ԴԵՌ ԿՍՏԱՆԱ ԻՐ ՇԱՆՍԸ»

Լա Լիգայի երրորդ տուրի «Ատլետիկի» դեմ խաղից առաջ Կարլո Անչելոտին մամլո ասուլիս տվեց` նշելով.«Ես չեմ ցանկանում խոսել տրանսֆերային պատուհանի ու այն խաղացողների մասին, ովքեր հիմա այստեղ չեն: Ես ուզում եմ միայն խոսել իմ թիմի ու առաջիկա խաղի մասին»: Նա նաև հաստատեց, թե ով կլինի դարպասում.«Դիեգո Լոպեսը դուրս կգա խաղադաշտ մեկնարկային կազմում»: Առաջիկա խաղի մասին նա նշեց.«Ատլետիկը» շատ լավ է սկսել մրցաշրջանը, ու հեշտ խաղ չի լինելու, քանի որ նրանք էնտուզիաստիկ են, լավ թիմ ունեն ու հաղթելու լավ շանսեր ունեն: Նրանք ունեն նաև լուրջ ու բանիմաց մարզիչ, ում ես շատ լավ եմ ճանաչում: Մենք փորձելու ենք լավ խաղալ ու մեծ ճնշում գործադրել»:

Այն մասին, թե դեռ ինչ է պակասում թիմին. 
«Մեզ մի քիչ ռիթմ է պակասում ու հարձակվողական խաղի շարունակականություն, բայց «Գրանադայի» դեմ խաղում մենք լավ աշխատեցինք պաշտպանությունում, ու դա շատ կարևոր է, երբ քո կազմում խաղում են հարձակվողական միտվածություն ունեցող շատ խաղացողներ»:

Մոդրիչի ու Խեդիրայի մասին. 
«Նրանք որոշ խնդիրներ ունեին, բայց երեկ արդեն մարզվում էին ու պատրաստ են խաղին: Երկուսն էլ, իրոք, շատ լավ են աշխատում»: 

Դիեգո Լոպես-Իկեր Կասիլյաս ընտրության մասին. 
«Վաղը դաշտ դուրս կգա Լոպեսը, քանի որ նա հիմա շատ լավ է խաղում: Նա հիանալի մարզավիճակում է ու հանգիստ է: Կասիլյասը նույնպես շատ լավ է աշխատում, նա իսկական պրոֆեսիոնալ է: Նա արժանի է իմ հարգանքին, ու ես արդեն խոսել եմ նրա հետ առաջին խաղից առաջ` բացատրելով իրադրությունը: Չեմ կարծում, թե նա կհեռանա: Մեզ երկու դարպասապահներ են պետք, հենց այնպիսի դարպասապահներ, որ հիմա ունենք թիմում: Կարծում եմ` նա դեռ կստանա իր հնարավորությունը, ու շուտով ես կորոշեմ` երբ տալ նրան այդ շանսը»:

Մինչև երկուշաբթի կեսգիշերը թիմում սպասվող տրանսֆերների մասին. 
«Հիմա խաղացողները մարզվում են ու կենտրոնացած են «Ատլետիկի» դեմ խաղի վրա: Ես, իրոք, անհամբերությամբ եմ սպասում երկուշաբթի օրվան, քանի որ դրանից հետո մենք այլևս չենք խոսի տրանսֆերների մասին մամլո ասուլիսներում: Ինչպես ինձ մոտ ընդունված է, այդ թեման կշոշափվի ոչ շուտ, քան հունվար ամսվա տրանսֆերային պատուհանի բացվելը»: 

Կակայի ապագայի մասին.
«Ես հստակ արտահայտել եմ իմ տեսակետը: Ակումբը հասկանում է խաղացողի ընդունած որոշումը, և Կակայի ու թիմի համար լավագույն որոշումը կընդունվի մոտակա օրերին»: 

Օզիլի մասին. 
«Չեմ կարծում, թե նա կհեռանա: Նորմալ է, երբ խաղացողը ուրախ չէ, երբ իրեն փոխարինում են: Սա առաջին անգամը չէր, որ Օզիլը փոխարինվեց, ու չեմ կարծում, թե վերջինը կլինի»:

Կրիշտիանու Ռոնադլուի մասին. 
«Ճիշտ է, ես առաջին մի քանի խաղերում փոխել էի նրա դիրքը, բայց «Գրանադայի» դեմ նա նորից խաղում էր այն դիրքում, որտեղ սովոր է խաղալ: Չեմ կարծում, որ խաղային դիրքը խնդիր է: Նախորդ մրցաշրջանի առաջին խաղում էլ նա գոլ չէր խփել: Կարևորն այն է, որ թիմը լավ է խաղում»:

Կազեմիրոյի մասին. 
«Նա շատ լավ խաղային որակներ ունի: Մինչմրցաշրջանի ընթացքում նա հիանալի աշխատանք կատարեց, հիանալի խաղում էր ու նաև գոլեր էր խփում: Նա շատ երիտասարդ է, ու մենք պետք է զգույշ լինենք երիտասարդների հետ` նրանց տալով հնարավորություններ, բայց ոչ չափից շատ: Նա խաղում է մի դիրքում, որը մեծ պատասխանատվություն է պահանջում, ու նա իսկապես լավ է խաղում»: 

Ռաֆայել Վարանի մասին. 
«Նա հիմա անհատական վերականգնողական ծրագիր է կատարում, ու պետք է զգույշ լինենք նրա հետ, քանի որ ծնկի վիրահատությունը, որ նա տարել է, հեշտերից չի եղել: Հուսով եմ` նա կկարողանա վերսկսել մարզումները հավաքականների խաղերի արդյունքում տրված դադարից հետո»:

Բեյլի հնարավոր տրանսֆերի ու թիմի մթնոլորտի վրա դրա բացասական էֆեկտների մասին. 
«Երբ խաղացողը համալրում է թիմի կազմը, նա դա անում է, որ ավելի ուժեղացնի թիմն ու ավելի լավը դարձնի: Հենց այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ եթե բարձրակարգ խաղացող գա, մենք բոլորս լավ կընդունենք: Բեյլի հիանալի խաղացող է, բայց այս պահին նա դեռ «Տոտենհեմի» խաղացող է»:

Եվ վերջում, Անչելոտին խոսեց 2020 թվականի Օլիմպիական խաղերի` Մադրիդում անցկացնելու հավանականության մասին. 
«Սա ֆանտաստիկ քաղաք է` ֆանտաստիկ ենթակառուցվածքով: Մադրիդը ոչ մի խնդիր չի ունենա Օլիմպիական խաղերը հյուրընկալելիս: Ես շատ ուրախ կլինեմ, եթե ի վերջո ընտրվի հենց Մադրիդը»:


Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]