ՌԱՈՒԼ.«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ` ՍԱ ԻՄ ՏՈՒՆՆ Է, ՄԻ ՕՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՄ»

Добавлено: 22.08.2013 в 15:00 Просмотров: 433 Автор: Ադմին(Zaven)
ՌԱՈՒԼ.«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ` ՍԱ ԻՄ ՏՈՒՆՆ Է, ՄԻ ՕՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՄ»

Ռաուլը նորից դուրս է գալու «Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկ` գիտակցելով, որ գտնվում է տանը: 16 տարի անցկացնելով ակումբում` Ռաուլը կարողացավ իր անունը գրել ակումբի պատմության ոսկե էջերում: Այնուամենայնիվ, անկախ վաստակած տիտղոսների քանակից ու ամենամեծ բարձունքները նվաճելուն, Ռաուլը շարունակում է մնալ նույն համեստ ու շնորհակալ մարդը: Մի բան հստակ է. Ռաուլի համար ամենաբնական բանը կլինի այն, որ Սանտիագո Բեռնաբեուի Գավաթի խաղում նա գոլ խփի «Ռեալի» մարզաշապիկով.«Շատ ավելի բնական կլինի, եթե ես գոլ խփեմ «Ռեալի» կազմում: «Ռեալին» գոլ խփելը դժվար կլինի»:

«Սանտիագո Բեռնաբեուի» մամլո սրահում տված ասուլիսում դու ամենից շատն օգտագործեցիր «ոգևորվածություն» բառը: Իրականում ես չգիտեմ` դու՞ ես ավելի շատ ոգևորված, թե՞ քեզ շրջապատող մարդիկ ու երկրպագուները:

Կարծում եմ` բոլորս միասին: Մարդիկ անհամբերությամբ են սպասում այս խաղին: Գերմանիայում անցկացրած տարիներին շատ մարդիկ էին գալիս ինձ տեսնելու, նույնիսկ մեկ-երկու անգամ եկել են Քաթար: Կարծում եմ` շատ մարդիկ էին սպասում իմ` «Սանտիագո Բեռնաբեուում» նորից խաղալուն, իմ` «Ռեալի» մարզաշապիկով նորից խաղալուն: Դա այսօր տեղի կունենա, ինչը ինձ շատ է ոգևորում: Ես իրոք ոգևորված եմ, ինչպես նաև` փոքր ինչ նյարդային: Լեփ-լեցուն մարզադաշտի խոտածածկին դուրս գալն ու մարդկանց աջակցությունը ստանալը, ինչպես նախորդ տարիներին, իրոք հատուկ մի բան է: Ինձ հետ են լինելու ընտանիքս, ընկերներս: Կարծում եմ` կախարդական պահեր են լինելու:

Երբ տեսնում ես, որ այս խաղի տոմսերը վաճառվում են այնպես, ինչպես Չեմպիոնների լիգայի ամենակարևոր խաղերինը, երբ մարդիկ հերթ են կանգնում 40º տաքության պայմաններում, ի՞նչ ես մտածում: Պարզ է, որ դու հասկանում ես.«Սա ինձ համար է»:

ճիշտն ասած, ես շատ ոգևորված եմ ու շնորհակալ եմ երկրպագուներին, քանի որ նրանք միշտ շատ են աջակցել ինձ, չնայած ես հեռվում էի, բայց ես զգում էի այդ մարդկանց սերն ու տեսնում, որ «Բեռնաբեուում» կայացող խաղերին շատերը դեռևս ներկայանում էին իմ մարզաշապիկով: Նաև մարդիկ ինձ սպասում էին օդանավակայանում, հյուրանոցում ու նույնիսկ այն ժամանակ, երբ թիմիս հետ միասին գնացինք մարզվելու: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ու հույս եմ հայտնում, որ հիանալի խաղ ու հիանալի տոնակատարություն կլինի: Ես հպարտ եմ, որ կարող եմ ասել` սա իմ տունն է, մի օր ես վերադառնալու եմ:

Դու գիտակցու՞մ ես այն, ինչ արել ես ակումբի համար այստեղ անցկացրած 16 տարիների ընթաքում:

Դու քիչ-քիչ գիտակցում ես այդ ամենը, քանի որ երբ միացնում ես հեռուստացույցը կամ վիդեոնվագարկիչը ու հետևում առանձին խաղերի, տեսնում ես պատկերներ, գոլեր, որ կարողացել ես խփել, ու այդ ժամանակ գիտակցում ես, թե ինչպիսի մեծագույն պատիվ է եղել ու հպարտություն «Ռեալի» կազմում այսքան տարի խաղալը, նման թիմակիցներ ու մարզիչներ ունենալը, երազանքներդ իրականացնելը, որ ունեցել ես դեռ մանկուց: Դու գիտակցում ես այդ ամենը, ու դա քեզ հպարտանալու ու երջանկանալու առիթ է տալիս: Հույս ունեմ` որ այս ամեն ինչը նորից կտեսնենք այս խաղում, ու մեծ օր կստացվի:

Այստեղ անցկացրած տարիներին տված մի շարք հարցազրույցներում դու նշում էիր, որ ատում ես պարտվելը: Արդյոք պահպանվե՞լ է հաղթանակների այդ քաղցը:

Ինչպես միշտ, ես հաղթանակների քաղց եմ զգում, անընդհատ փորձում եմ հաղթել, ու եթե չեմ հաղթում կամ հասնում նպատակիս, շարունակում եմ պայքարել… Կարծում եմ` կյանքում միշտ պետք է նորից փորձես, եթե առաջին անգամ չի հաջողվում: Խնդիրը ոչ թե նպատակներիդ չհասնելն է, այլ փորձելը դադարեցնելը: Կարծում եմ` ամբողջ կյանքումս այս կարգախոսով եմ շարժվում:

Երբ «Ռեալի» երիտասարդ խաղացողներին հարցնում ենք, թե ով է նրանց կուռքը, բոլորն, առանց վարանելու, պատասխանում են` Ռաուլը: Ի՞նչ խորհուրդ կտաս երիտասարդ սերնդին:

Կարծում եմ` այս տարի ակումբը ձեռք բերեց մի քանի շատ տաղանդավոր երիտասարդ խաղացողների, խաղացողներ, ովքեր հաղթանակների են ձգտում: Կարծում եմ նաև, որ հանդերձարանում կան շատ կարևոր խաղացողներ, ովքեր կրում են ակումբի արժեքները ու գիտեն, թե ինչպես փոխանցել դրանք երիտասարդներին: Բացի այդ, ակումբում այլ մարդիկ էլ կան, ովքեր այդ առաքելությունն են իրականացնում: Այնուամենայնիվ, նրանց խորհուրդ կտամ իզուր չվատնել ակումբի ընձեռած հնարավորությունների ոչ մի վայրկյանը, օգուտ քաղել ամեն մի մարզումից, ամեն մի խաղից, ամեն երկրպագուի ամեն մի հայացքից: Նրանց խորհուրդ եմ տալիս հաճույք ստանալ այս ամենից այնքան, ինչքան հնարավոր է, քանի որ ամեն ինչ շատ արագ է անցնում: Այս ակումբը գիտի, թե ինչպես փոխանցի իր արժեքները, ու նորեկ երիտասարդները դրանց կրողները կլինեն, ու ես վստահ եմ, որ այս տարին հաջողակ է լինելու:

Դու նշեցիր, որ ամեն ինչ շատ արագ է անցնում: Դու ակումբում ես անցկացրել 16 տարի: Ո՞րն է քո համար լավագույն պահը այդ տարիների ընթացքում:

Առանց որևէ կասկածի` նորամուտս: Դա մանկության երազանք է եղել: Երբ ես 7-8 տարեկան էի, մտածում էի.«Եթե միայն կարողանամ մի օր խաղալ Լա լիգայում»: Կարծում եմ` առանց այդ նորամուտի չէին լինի այն բոլոր պահերը, որ եկան ավելի ուշ: Ես բախտ եմ ունեցել այստեղ շատ տարիներ անցկացնել ու տիտղոսներ նվաճել, խփել կարևոր գոլեր: Բայց կրկնում եմ, այս ամենը չէր լինի, եթե չլիներ նորամուտիս խաղը:

Երբ առաջին խաղն ակցկացրիր «Ռեալում», մտքովդ անցնու՞մ էր, որ 16 տարի կխաղաս թիմում:

Դու երբեք չես կարող մտածել, որ այդքան երկար կմնաս: Տարեց տարի ավելի բարդ էր դառնում: Նոր խաղացողները միշտ էլ առաջին պլան են դուրս գալիս: Ես 12-14 տարի խաղացել եմ կենտրոնական հարձակվողի գոտում, որտեղ դու պետք է շատ ուշադիր լինես, որ կարողանաս հաղթել դիրքային պայքարում: Ես բախտ եմ ունեցել շրջապատված լինել ճիշտ մարդկանցով, ովքեր շատ են օգնել ինձ ու հնարավոր են դարձրել ակումբի հետ այդքան երկար մնալս: Երբ դու ակումբում ես մնում այդքան երկար ժամանակ, մտածում ես, որ կարիերադ էլ այնտեղ կավարտես, բայց, ինչպես արդեն ասել եմ, ես չեմ ուզի փոխել ոչ մի քայլ, որ կատարել եմ: Ես զգացել եմ այս ակումբի` իմ նկատմամբ ունեցած սերն ու ջերմությունը ու հիմա էլ, երբ հետ եմ եկել, զգում եմ, որ վերադարձել եմ տուն:

Դու մեկական խաղակես ես անցկացնելու թիմերից յուրաքանչյուրի կազմում: Կարո՞ղ ես պատկերացնել «Ռեալին» գոլ խփելն ու «Ռեալի» կազմում նորից գոլ խփելը:

Ավելի բնական կլինի, եթե գոլ խփեմ «Ռեալի» կազմում: «Ռեալին» գոլ խփելը դժվար կլինի… Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս օրը տոնելու համար է, ու եթե նույնիսկ ես գոլ խփեմ «Ռեալին», մարդիկ կտոնեն այն:


Աղբյուր՝ 
realmadrid.am

Категория: Теги:
Новости клуба
Комментарии | Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]